ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ամուլ կանանց ընտիր սերունդները

Ամուլ կանանց ընտիր սերունդները
05.04.2019 | 01:14

Կարծես վերնագրի մեջ սխալ կա արդեն, բայց համբերությամբ մինչև վերջ կարդալուց հետո կհամոզվեք, որ այդպես չէ, քանզի Աստծո համար անհնարին բան չկա:
Հնում, բոլոր ազգերի մեջ, ամուլ կանայք սովորաբար անարգված ու Աստծուց պատժված են համարվել: Այդ հիմա է, որ մարդիկ հոժարակամ իրենց կանանց որովայնը սատանայի զոհասեղանի են վերածում` սպանելով իրենց սեփական զավակներին: Եթե հայտնի է, որ երեխաները մոր որովայնում սաղմնավորվելու պահից արդեն կենդանի մարդիկ են համարվում, այդ դեպքում ինչ անունով կոչենք ամեն օր այս մեղսալից աշխարհում կատարվող միլիոնավոր աբորտները:


Հիմա մի քանի տվյալ` ասվածը հաստատելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ ամեն տարի աշխարհում հղիության արհեստական ընդհատումների թիվը հասնում է 40-50 միլիոնի (ահասարսուռ թիվ, ու առավել մարդասպան չարիք, քան յուրաքանչյուր ատոմային ռումբ))։ Մայրական մահացության 13 %-ը պայմանավորված է հղիության ոչ անվտանգ ընդհատումից առաջացած բարդություններով: Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետևանքով մահանում է 70 հազար կին, իսկ տասնյակ հազարավորները տառապում են հղիության արհեստական ընդհատումից առաջացած բարդություններից: Փաստացիորեն հղիության արհեստական ընդհատումը թույլատրող օրենքներ, որոշակի սահմանափակումներով, գործում են աշխարհի բոլոր երկրներում: Ամեն տարի շուրջ 175 միլիոն հղիություններից առնվազն 75 միլիոնը անցանկալի են համարվում, ինչի հետևանքով էլ կատարվում են 40-50 միլիոն հղիության արհեստական ընդհատումներ: Կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումն առաջին անգամ Խորհրդային Միությունում օրենքի ուժ է ստացել 1920 թվականին: Այդ օրենքը համաշխարհային իրավունքի պատմության մեջ հղիության արհեստական ընդհատումը թույլատրող առաջին օրենքն էր: Սակայն 1936 թվականին հղիության արհեստական ընդհատումները Խորհրդային Միությունում կրկին արգելվել են` պայմանավորված բնակչության աճի խթանմանն ուղղված քաղաքականությամբ: 1955 թվականից Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում, կրկին թույլատրվել է կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը (մինչև 12 շաբաթական հղիության դեպքում), ինչն էլ դարձել է պտղաբերության վերահսկման հիմնական միջոց:


Հայաստանի առողջապահական նախարարության տվյալների համաձայն, երբևէ աբորտի դիմած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2,6: Եթե 20-24 տարիքային խմբի կանանց 8 տոկոսն է դիմել աբորտի, ապա 25-34 տարեկան կանանց 44 տոկոսն է ընդհատել հղիությունը, 35-ից բարձր տարիքի կանանց՝ 60 տոկոսը: Իսկ երբևէ աբորտի դիմած կանանց շուրջ 2/3-ը կյանքի ընթացքում 1-ից ավելի անգամ ընդհատել է հղիությունը:
Ամերիկայի կառավարությունը, որտեղ հենց սաղմնավորման պահից դեռ չծնված պտուղը համարվում է երկրի քաղաքացի, մինչ այս տարի կանանց անարգել թույլ էր տալիս աբորտով ազատվել մի քանի ամսական պտղից, վերջերս էլ սենատը որոշում ընդունեց, որ կանայք իրավունք ունեն աբորտով սպանելու իրենց երեխաներին թեկուզ հենց ծնվելու պահին: «Հղության արհեստական ընդհատում» անմեղ թվացող ձևակերպմամբ են փորձում պաշտպանել յուրաքանչյուր կնոջ ազատ ընտրության իրավունքը, այդպես են դեմոկրատական, ես կասեի` դիվապաշտական իրենց երկրում գործադրում հումանիստական, ասել կուզի` մարդասիրական գաղափարները:


Վերևում բերված տվյալներից հստակ երևաց, որ հոգեկործան ախտից, ավելի ճիշտ` մանկասպանության մեղքից զերծ են լինում հատուկենտ աստվածավախներն ու ամուլ կանայք, որոնք ի տարբերություն շատ կանանց, ջանք չեն խնայում թե՛ ընդունված բժշկական միջոցներով, թե՛ սեփական աղոթքներով երեխաներ ունենալու համար:
Իսկ հիմա` հոդվածի վերնագրի «անճշտության» մասին:
Քանի որ Աստվածաշունչը Սուրբ գիրք և ճշմարտության ուղեցույց է համարվում, ուստի կգրենք այնտեղ նկարագրված ամուլ կանանց մասին, որոնք Աստծո ողորմությամբ ծննդաբերել են ու ընտիր սերունդների երանելի մայրեր են կոչվել:
Մինչ այդ ծանոթանանք հետևյալ դրվագին. «Եգիպտացիների արքան (փարավոնը) դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մեկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա: Եվ արքան ասաց. «Երբ երկունքով բռնված եբրայեցի կանանց մոտ գնաք ծննդաբերության օգնելու, եթե ծնվածը արու լինի, սպանեցե՛ք նրան, իսկ եթե էգ լինի, ո՛ղջ թողեք»: Մանկաբարձները, աստվածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաև արուներին: Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչու՞ եք այդպես վարվում, ինչու՞ եք ողջ թողնում արուներին»: Մանկաբարձները պատասխանեցին փարավոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչև որ մանկաբարձները իրենց մոտ գան»: Նրանք ծննդաբերում էին, և Աստված բարություն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզորանում: Քանի որ մանկաբարձները աստվածավախ էին, նրանք տունևտեղ դրին» (Ելից 1.15-21):


Ինչպես տեսնում ենք, այդ աստվածավախ կայնայք նույնիսկ ահեղ փարավոնի հրամանը չկատարեցին, մանկասպանության մասնակից չդարձան, ու Տերը նրանց օրհնեց նաև նյութապես:
Վարդան Այգեկցի վարդապետը նույնպես, դատապարտելով որդեծնության խափանումը, գրում է. «Շնության պատճառով որքան անբավ արյուն է հեղվում երկրի վրա գաղտնի և հայտնաբար, թունավորմամբ, պիղծ հնարներով և սպանությամբ, կամ որքան մանուկ լույս աշխարհ չի գալիս մարդկանց վախի և ամոթի պատճառով: Եվ հազար անգամ վայ այն կնոջը, ով չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել: Յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի Իր ահավոր ատյանում»:
Ասեմ, որ այսքան ժամանակ ես դեռ ոչ մի բուժաշխատողի չեմ տեսել, որն աբորտի միջոցով երեխաներ է սպանել, ու նրա ընտանիքը բարօրության մեջ է մնացել. սովորաբար նրանց ընտանիքները Աստծո անեծքի տակ են լինում, դժբախտությունների շարանն է ուղեկցում բոլորին, իրենց սերունդներով հանդերձ, եթե, իհարկե, չեն հասցրել զղջումով ապաշխարել ու դադարել երեխաներ սպանելուց:


Բայց մեր վերնագրի նյութին անդրադառնանք: Առաջին ամուլ կինը, ում մասին գրում է Սուրբ գիրքը, շատերին հայտնի Սառան է՝ Աբրահամ նահապետի կինը: Չնայած նրանք արդեն զառամյալ տարիքում էին՝ Սառան 90 տարեկան էր, իսկ Աբրահամը` 99, և հույսները կտրել էին սերունդ ունենալու, Աստված այցելեց նրանց. «Ես կօրհնեմ նրան (Սառային) և նրա միջոցով քեզ զավակ կպարգևեմ, ես կօրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կդառնա, նրանից ցեղերի թագավորներ կծնվեն»: Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել» (Ծննդոց 17.15): ՈՒ այդպես էլ եղավ, և հաջորդ տարի Սառան երեխա ունեցավ՝ Իսահակին, քանի որ Աստծո խոսքը, առանց իր գործը կատարելու, հետ չի վերադառնում:
Երկրորդ վկայությունը մեկ այլ ամուլ կնոջ՝ Աննայի մասին է, որն իր ամուսնու՝ Եղկանայի երկրորդ կինն էր: Կարդանք Սուրբ Գրքից մի հատված. «Եղկանան, սակայն, Աննային առավել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տերը փակել էր նրա արգանդը, որպեսզի նրան որդի չպարգևելով՝ տառապանք ու տրտմություն պատճառի նրան:


Աննան վշտահար հոգով աղոթեց Տիրոջը ու դառնորեն լաց եղավ և ասաց. «Իսրայելի Տե՜ր Աստված, զորությունների՜ Տեր, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան»:
Նա երկար աղոթեց Տիրոջ առաջ, և Հեղի քահանան հետևելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղոթում է մտքում։ ՈՒ շրթունքները չէին շարժվում: Ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան:
Տերը նրան հիշեց, և կինը հղիացավ: Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Նրան զորությունների Տեր Աստծուց եմ խնդրել» (Ա Թագավորաց 1. 5-10): Ավելացնենք, որ մանուկ Սամուելը երեք տարեկանում ընծայվեց Տիրոջ տաճարին, և հետագայում դարձավ մեծ մարգարե, որն Իսրայելի ժողովրդին առաջնորդում էր Աստծո օրենքի և պատվիրանների շավիղով:


Երրորդ ամուլ կինը սրբուհի Աննան էր` քրիստոնյաներիս տատիկ, որը տասնյակ տարիներ ամուլ լինելով, ի վերջո Աստծո զորությամբ ու կամքով հղիացավ Հովակիմ անունով բարեպաշտ ամուսնուց։ Սա, որպես հրեա, կարող էր երկրորդ կինն ունենալ ու զավակներ ծնել, բայց հավատարմաբար սիրելով իր երիտասարդության տարիների կնոջը, չուզեց նրա սիրտը վշտացնել, որոշեց անզավակության անարգանքը կրել, քանզի որպես իսրայելացի ծաղրվում էր որդի չունենալու համար: Աննան ու Հովակիմը, չնայած իրենց առաջացած տարիքին, չէին դադարում աղոթել ու հուսալ, մինչև որ Աստված բարեհաճեց նրանց պարգևել երանելի դստերը՝ համայն մարդկության մեջ կանանցից ամենօրհնյալին՝ Մարիամին, որն արժանացավ աշխարհի Փրկչին՝ Հիսուսին, ծննդաբերելու Սուրբ Հոգու զորությամբ:
Չորրորդ ամուլ կինը շատերիս հայտնի Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթն է, որը քահանայի կին էր, բայց և այնպես դարձյալ առաջացած տարիքում, երբ կանայք սովորաբար չեն ծնում, անձամբ Աստծո պատգամաբերի՝ Գաբրիել հրեշտակի այցելությունից հետո հղացավ ու Հիսուսից վեց ամիս առաջ ծնեց Տիրոջ բնորոշմամբ, կանանցից ծնվածներից ամենամեծին: Մեկը, ով պետք է մկրտեր անձամբ Աստծո Որդուն` մարդկության մեղքերի համար Հոր կողմից ուղարկված Աստծո Գառանը:


Մի քանի օր անց Հայ Առաքելական եկեղեցին կհիշատակի մեծագույն տոներից մեկը՝ Ավետման օրը, երբ Գաբրիել հրեշտակը այցելեց երանելի կույսին, ասելով. «ՈՒրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՜ վախեցիր, Մարիա՜մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Ահա՜ դու կհղիանաս և կծնես մի Որդի ու Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա: Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. որովհետև Աստծո համար անկարելի բան չկա» (Ավետարան 1.28-30):


Մնում է ավելացնել, որ այդ տոնը անկախության այս տարիների ընթացքում վերածվեց նաև Մայրության օրվա: Այդ օրը, սուրբ պատարագից հետո, քահանայական աղոթքով օրհնվում են նորապսակ զույգերը, մաղթանքով, որ խաղաղ և բեղմնավոր ընտանիք դառնան ու զավակներ ծնեն ոչ միայն հայոց ազգի բարօրության, այլև երկնքի արքայությունը ժառանգելու համար:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ